Արդար, ազատ և թափանցիկ ընտրություննե՞ր, թե՞…

Հեղինակ - Լյուդվիգ Խաչատրյան

2026 ընտրությունների վերլուծություն

 

Հայաստանի Հանրապետության (ՀՀ) 2026 թվականի Ազգային ժողովի ընտրությունները տեղի ունեցան բացառիկ բարդ աշխարհաքաղաքական միջավայրում։ Այդ ժամանակահատվածը բնութագրվում էր Հայաստանի համար ծանր հետևանքներ ունեցած հայ-ադրբեջանական պատերազմի արդյունքում Արցախի (Լեռնային Ղարաբաղի) կորստով և տեղի բնիկ հայ բնակչության բռնի տեղահանությամբ (հայաթափմամբ), ինչպես նաև միաժամանակ ընթացող մի շարք միջազգային և տարածաշրջանային զինված հակամարտություններով ու ճգնաժամերով, մասնավորապես՝ ռուս-ուկրաինական, իսրայելա-իրանական և ամերիկա-իրանական պատերազմներով։ Այս հանգամանքները զգալի ազդեցություն ունեցան Հայաստանի ներքաղաքական օրակարգի, հասարակական տրամադրությունների և ընտրական գործընթացի վրա՝ ձևավորելով ընտրությունների անցկացման առանձնահատուկ քաղաքական և անվտանգային համատեքստ։

 

Վաշինգտոնում, 2025 թվականի օգոստոսի 8 ֊ ին Ամերիկայի Միացյալ Նահանգների (ԱՄՆ) նախագահի միջնորդությամբ, ստորագրվել է համատեղ հռչակագիր, որի շրջանակում արձանագրվել է նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի տեքստի նախաստորագրումը, որը նախատեսում էր տարածաշրջանային հաղորդակցությունների վերականգնմանն ուղղված պայմանավորվածություններ։

Այդ պայմանավորվածությունների շրջանակում նախատեսվում է Հայաստանի տարածքով Ադրբեջանը Նախիջևանին կապող «Թրամփի ուղի միջազգային խաղաղության և բարգավաճման համար»  անվանմամբ տրանսպորտային/կապակցվածության նախագիծը, որն այլ հնարավոր կառուցներից բացի հիմնականում ներառելու է երկաթուղային ենթակառուցվածքներ։ Հրապարակված տվյալների համաձայն՝ ենթադրվում է, որ երկաթուղին գործելու է Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության և իրավազորության պահպանման պայմաններում, իսկ թե ինչպիսի հնարավորթյուններ կան դրա ապահովման համար, իրականում տեխնիկապես լոգիստիկ իմաստով նախագծային աշխատանքների վերաբերյալ, դեռ տվյալներ կարծես թե հրապարակված չեն։ Ենթադրվում է նաև, որ համաձայնագրի հնարավոր արդյունքներից մեկը կարող է լինել Հայաստանի տրանսպորտային շրջափակման վերացումը և հայ-թուրքական սահմանի բացումը։

Մինչ ընտրությունները՝ 2026 թվականի փետրվարի 9-ին, ԱՄՆ փոխնախագահն այցելեց Հայաստանի Հանրապետություն։ 2026 թվականի մայիսի 26-ին Հայաստան կարճատև այց կատարեց ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն։ Այցի ընթացքում «Զվարթնոց» օդանավակայանում Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի հետ ստորագրվեցին կարևոր փաստաթղթեր։

Մինչ ընտրությունները՝ 2026 թվականի մայիսի 28-ին, ԱՄՆ նախագահի հրապարակած գրառումը հետևյալ բովանդակությունն ուներ. «Նիկոլն ունի իմ ԱՆՎԵՐԱՊԱՀ և ԱՄԲՈՂՋԱԿԱՆ աջակցությունը 2026 թվականի հունիսի 7-ին վերընտրվելու համար»։

Մինչ ընտրությունները՝ 2026 թվականի մայիսի 4–5-ը, Երևանում տեղի ունեցան երեք բարձր մակարդակի միջոցառումներ՝ Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովը, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի պետական այցը և «Երևանյան երկխոսություն» միջազգային համաժողովը։

Մինչ ընտրությունների անցկացումը՝ 2026 թվականի ապրիլի 1-ին, Մոսկվայում կայացած Ռուսաստանի Դաշնության նախագահի և Հայաստանի Հանրապետության վարչապետի հանդիպման ընթացքում Ռուսաստանի նախագահը ՀՀ վարչապետին ուղղեց հետևյալ հրապարակային խոսքերը. Մեջբերում՝ https://www.primeminister.am/hy/press-release/item/2026/04/01/Nikol-Pashinyan-Vladimir-Putin/ կայքից.

«Ի սկզբանե ասված լինի, որ Եվրամիության հետ մաքսային միությունում լինելը և ԵԱՏՄ-ում գտնվելն անհնար է։ Դա պարզապես անհնար է»։

«Եվ, ի դեպ, այսօր, Ձեր և Ադրբեջանի նախագահի ջանքերի շնորհիվ, կարծում եմ, հաջողվել է դուրս գալ հարաբերությունների կայունացման մակարդակի, և ԱՄՆ նախագահը նույնպես ակտիվ մասնակցություն է ունեցել դրանում։ Եվ, իմ կարծիքով, նաև տրանսպորտային ուղիներն են ապաշրջափակվում և այլն։ Այստեղ պարզապես պետք է փնտրել հարաբերությունների հետագա ամրապնդման ուղիներ։ Բայց ինձ թվում է, որ այստեղ էլ պետք է վերջակետ դնել, և ավելի լավ կլիներ, եթե սա չդառնար ներքաղաքական գործընթացի մաս, հատկապես նախընտրական արշավի ընթացքում»։

«Եվ կան բազմաթիվ քաղաքական ուժեր, որոնք ռուսամետ դիրքորոշում ունեն։ Իհարկե, ես Ձեզ բացահայտ կասեմ՝ մեր միջև այնպիսի երկխոսություն է, որ մենք միշտ խոսում ենք ազնվորեն և ուղիղ։ Մենք շատ կցանկանայինք, որ այս բոլոր քաղաքական կուսակցությունները, քաղաքական գործիչները կարողանային մասնակցել այս ներքաղաքական աշխատանքին՝ ընտրությունների ընթացքում։ Ոմանք, գիտեմ, գտնվում են ազատազրկման վայրերում, չնայած այն հանգամանքին, որ ունեն Ռուսաստանի անձնագիր»։

Վերը նշված հանգամանքները կարող էին ազդեցություն ունենալ նախընտրական քարոզչության բովանդակության և ընտրողների քաղաքական նախապատվությունների ձևավորման վրա, քանի որ դրանք լայնորեն լուսաբանվում և տարածվում էին զանգվածային լրատվության միջոցներով։ Ավելին, այդ հանգամանքները որպես հիմնավորումներ և քաղաքական փաստարկներ ակտիվորեն օգտագործվում էին նախընտրական քարոզարշավին մասնակցող հիմնական քաղաքական ուժերի կողմից։

Այս համատեքստում հարց է առաջանում, թե ինչպիսի զարգացումներ կարող են ունենալ ինչպես արտաքին, այնպես էլ Հայաստանի Հանրապետության ներքաղաքական գործընթացները։ Մի կողմից առկա է Արևմուտքի՝ Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության, անվտանգության և ժողովրդավարական զարգացմանն ուղղված աջակցությունը, այդ թվում՝ գործող իշխանություններին ցուցաբերվող հրապարակային քաղաքական աջակցությունը։ Մյուս կողմից՝ Հայաստանը շարունակում է գտնվել Ռուսաստանի Դաշնության զգալի տնտեսական ազդեցության, ինչպես նաև որոշակի քաղաքական և անվտանգային ազդեցության ներքո։

Այս պայմաններում հարց է առաջանում, թե Հայաստանի Հանրապետության անվտանգության և ինքնիշխանության ապահովման խնդիրներն ինչ մակարդակով են լուծված, և ինչպիսի զարգացումներ կարելի է ակնկալել Ռուսաստանի Դաշնության, Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) և Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) հետ Հայաստանի պայմանագրային և ինստիտուցիոնալ հարաբերությունների շրջանակում։ Անվտանգային միջավայրի գնահատման տեսանկյունից կարևոր է նաև այն հանգամանքը, որ Հայաստանի Հանրապետությունում տեղակայված է Ռուսաստանի Դաշնության ռազմաբազան, որն ապահովում է Ռուսաստանի ռազմական ներկայությունը Հարավային Կովկասում։

Միաժամանակ, եթե մոտակա ժամանակահատվածում Արևմուտքի և Ռուսաստանի միջև առկա ռազմաքաղաքական հակասությունները, այդ թվում՝ Ուկրաինայի պատերազմի շուրջ հակամարտությունը, չհանգուցալուծվեն, ապա արտաքին ուժային կենտրոնների մրցակցության ազդեցությունը Հայաստանի արտաքին քաղաքական հավասարակշռության, անվտանգային քաղաքականության և տնտեսական զարգացման վրա, հավանաբար, կշարունակի մնալ երկրի ռազմավարական որոշումների վրա ազդող կարևոր գործոն։

Հայաստանի Հանրապետությունն ունի բացառապես ցամաքային սահմաններ և սահմանակից է միայն չորս երկրների՝ Վրաստանի, Իրանի, Ադրբեջանի և Թուրքիայի հետ։ Հայաստանը տարիներ շարունակ հակամարտության մեջ է վերջին երկու երկրների հետ, չնայած որոշակի քայլեր են ձեռնարկվել կառավարական մակարդակով հարաբերությունները կարգավորելու համար, սակայն տարաձայնությունների վերջնական և կայուն կարգավորում դեռևս չի ապահովվել։ Միևնույն ժամանակ, տարածաշրջանային և համաշխարհային աշխարհաքաղաքական զարգացումների հետագա ընթացքը դեռևս դժվար է կանխատեսել։

Հայաստանի Հանրապետության անվտանգության ապահովման տեսանկյունից դեռևս պահպանվում են մի շարք չլուծված խնդիրներ։ Դրանք պայմանավորված են ինչպես միջազգային և տարածաշրջանային աշխարհաքաղաքական գործընթացների հետագա զարգացումներով, այնպես էլ Հայաստանի ներսում հնարավոր քաղաքական, հասարակական և ինստիտուցիոնալ զարգացումներով։ Հետևաբար, անվտանգության և ինքնիշխանության ամրապնդման հեռանկարները շարունակում են կախված մնալ արտաքին և ներքին գործոնների համակցված ազդեցությունից։

 

Հաշվի առնելով աշխարհաքաղաքական գործընթացների անորոշությունը, ինչպես նաև Հայաստանի ներքաղաքական հնարավոր զարգացումների և դրանց հետևանքների անկանխատեսելիությունը՝ առաջիկա տարիներին Հայաստանի առջև ծառացած մարտահրավերների հաղթահարման և կայուն զարգացման ապահովման հնարավորությունները դժվար է գնահատել որպես պարզ և միանշանակ։ Այդ մարտահրավերները կարող են առավել բարդանալ այն դեպքում, երբ քաղաքական առաջնորդները կամ քաղաքական դերակատարներն իրենց գործունեության ընթացքում առաջնահերթ առաջնորդվեն սեփական քաղաքական կամ անձնական շահերով և հավակնություններով, որոնք միշտ չէ, որ համընկնում են պետության երկարաժամկետ շահերին: Նկատենք որ միշտ չէ որ այդ շահերը համնկնում են հասարակության լայն շրջանակների ակնկալիքների հետ, հատկապես երբ ակնալիքները ձևավորվել են ոչ ռացիոնալ մոտեցումների պրոպագանդայի ազդեցության ներքո։ Ցավոք նաև ՀՀ իշխանության ղեկը՝ 1990 թվականի երկրորդ կեսից սկսած, տնօրինողների իրավիճակի ոչ ճիշտ գնահատելու և ձևավորված ոչ ռացիոնալ հանրային ակնկալիքների հետևանքով տեղի ունեցավ Լեռնային Ղարաբաղի հայաթափումը։

Այս համատեքստում անհրաժեշտ է նաև հաշվի առնել, որ Հայաստանում, տարածաշրջանում և որոշ երկրներում, որոնք կարևոր աշխարհաքաղաքական խաղացողներ են, դեռևս լիովին ձևավորված չէ ժողովրդավարական քաղաքական մշակույթի, պետական ​​ինստիտուտների կայունության և քաղաքակրթական զարգացման բավարար մակարդակ։ Այս հանգամանքը ստեղծում է լրացուցիչ անորոշություններ ինչպես տարածաշրջանային անվտանգության, այնպես էլ խաղաղ պայմաններում Հայաստանի երկարաժամկետ ռազմավարական զարգացման առումով։

Միաժամանակ անհրաժեշտ է հաշվի առնել, որ միջազգային դերակատարների քաղաքականությունը հիմնականում ձևավորվում է սեփական, ազգային պետական շահերի, անվտանգության առաջնահերթությունների և տվյալ ժամանակահատվածի ռազմավարական նպատակների հիման վրա։ Միացյալ Նահանգների արտաքին քաղաքականությունը պայմանավորված է ԱՄՆ-ի շահերով և վարչակազմի առաջնահերթություններով, իսկ Եվրոպական միության քաղաքականությունը՝ անդամ պետությունների դիրքորոշումների համադրմամբ։ Միևնույն ժամանակ, Եվրոպական միությունն ունի քաղաքական և անվտանգային լուրջ հակասություններ Ռուսաստանի Դաշնության հետ։ Ռուսաստանի քաղաքականությունը ևս ձևավորվում է սեփական պետական շահերի և գործող իշխանության ռազմավարական մոտեցումների շրջանակում։

Տարածաշրջանի մյուս դերակատարների քաղաքական դիրքորոշումները նույնպես պայմանավորված են իրենց ազգային և տարածաշրջանային շահերով և կարող են փոփոխվել՝ կախված աշխարհաքաղաքական զարգացումներից ու միջազգային հարաբերությունների փոփոխություններից։

Այս իրադրությունն ազդեցությունն ուներ Հայաստանի Հանրապետության ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերի ծրագրերի, արտաքին քաղաքական դիրքորոշումների և, դրանց միջոցով, ընտրողների քաղաքական նախապատվությունների ձևավորման վրա։ Հետևաբար, տվյալ ժամանակահատվածում ձևավորված ինչպես ներքաղաքական, այնպես էլ արտաքին քաղաքական և անվտանգային միջավայրը էական դեր է ունեցել ընտրողների որոշումների և քվեարկության արդյունքների ձևավորման գործընթացում։

 

Այս համատեքստում կարևոր նշանակություն են ունեցել Հայաստանի Հանրապետության միջազգային գործընկերների հետ հարաբերությունների զարգացումները։

Առանձնահատուկ ուշադրության է արժանի ԱՄՆ - Հայաստան համաձայնությունները, Ֆրանսիայի կողմից Հայաստանի ինքնիշխանության, տարածքային ամբողջականության, տնտեսական զարգացման և ժողովրդավարական բարեփոխումների շարունակականության վերաբերյալ արտահայտված աջակցությունը։ Կարևոր դեր են ունեցել նաև Ֆրանսիայի ղեկավարության քաղաքական մոտեցումները և երկու երկրների միջև ռազմավարական գործընկերության խորացմանն ուղղված քայլերը, որոնք նպաստել են հայ-ֆրանսիական համագործակցության ընդլայնմանը։ Եվրոմիության և դրանում ընդգրված երկրների հետ համագործակցության հեռանկարները։

Նույնպես նշանակալի են եղել Հնդկաստանի, Իրանի, Չինաստանի և այլ պետությունների հետ համագործակցության զարգացմանն ուղղված միջպետական համաձայնագրերն ու իրականացման պատրաստվող նախաձեռնությունները, որոնք իրենց ազդեցությունն են ունեցել Հայաստանի արտաքին քաղաքական և անվտանգային միջավայրի ակնկալիքների ձևավորման վրա։

Քաղաքական որոշումների ձևավորման վրա կարող էին ազդեցություն ունենալ նաև Ռուսաստանի դերակատարության վերաբերյալ հասարակության տարբեր հատվածներում առկա գնահատականները և տարածաշրջանային զարգացումների հետևանքով առաջացած անվտանգության վերաբերյալ մտահոգությունները։

Պակաս կարևոր չեն Իրանի հետ փոխհարաբերությունները ստեղծված աշխարհաքաղաքան իրավիճակում, Թուրքիայի և Ադրբեջանի հետ հակամարտության կարգավորման և նրանցից սպասվող վտանգների հետագա ակնկալիքները, Վրաստանի հետ փոխհարաբերությունները։

 

Միաժամանակ, ընտրողների քաղաքական նախապատվությունների վրա զգալի ազդեցություն են ունեցել նաև Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության բռնի տեղահանումը, Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների և այլ անձանց խնդիրի չլուծված լինելը։

Պետք է նկատել, որ ընտրողների վրա ազդեցություն են ունեցել նաև սոցիալական խնդիրների լուծման հետ կապված միջոցարումները, կոռուպցիայի նկատմամբ ունեցաց դիրքորոշաւմները, կոռուպցիօն դեպքերով բացայատումների հրապարակումները պետական մարմինների կողմից, ինչպես նաև վարչական ռեսուրսների չարաշահումների դեպքերի վերաբերյալ հայտարարությունները։

Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի 21-րդ հոդվածի 3-րդ կետի համաձայն՝ «Ժողովրդի կամքը կառավարության իշխանության հիմքն է. այդ կամքը պետք է արտահայտվի պարբերական և կեղծիքից զերծ ընտրություններով, որոնք պետք է անցկացվեն համընդհանուր և հավասար ընտրական իրավունքի հիման վրա՝ գաղտնի քվեարկությամբ կամ քվեարկության ազատությունն ապահովող համարժեք ընթացակարգերի միջոցով»։

Թեև ՀՀ  գործող Սահմանադրության ընդունման հանրաքվեն դժվար թե կարելի է համարել կեղծիկից զերծ ընթացակարգերի միջոցով իրականացված գործընթաց, այնուամեմայնիվ նկատի ունենալով, որ սահմադրության համապատասխան հոդվածը համապատասխանում է  հրչակագրի վերոնշյած պահանջին, ստորև ներկայացվում է ընտրական գործառույթները՝  Սահմանադրության համապատասխան հոդվածի դրույթների համաձայն։

Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 7-րդ հոդվածի համաձայն՝ «Ազգային ժողովի և համայնքների ավագանիների ընտրությունները, ինչպես նաև հանրաքվեները, անցկացվում են ընդհանուր, հավասար, ազատ և ուղղակի ընտրական իրավունքի հիման վրա՝ գաղտնի քվեարկությամբ»։

2026 թվականի Ազգային ժողովի ընտրություններն անցկացվել են համընդհանուր ընտրական իրավունքի հիման վրա։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի հրապարակած պաշտոնական տվյալների համաձայն՝ քվեարկությանը մասնակցել է ընտրողների ընդհանուր թվի 58,9 %-ը։ Հաշվի առնելով այն հանգամանքը, որ ընտրողների պաշտոնապես գրանցված ընդհանուր թվի զգալի մասը փաստացի բնակվում է Հայաստանի Հանրապետությունից դուրս և սովորաբար չի մասնակցում ընտրություններին, մասնակցության նշված ցուցանիշը կարող է գնահատվել որպես համեմատաբար բարձր։

Ընտրողների հավասար ընտրական իրավունքի տեսանկյունից բոլոր քաղաքացիները հավասարապես ունեցել են ընտրելու իրավունքը։ Միևնույն ժամանակ, ընտրողների նկատմամբ հնարավոր ճնշումների, վարչական ազդեցության կամ ընտրակաշառքի առաջարկման ռիսկերը, տեսականորեն, կարող էին վերաբերել յուրաքանչյուր ընտրողի։ Սակայն գործող ընտրական մեխանիզմները, մասնավորապես՝ գաղտնի քվեարկության ապահովման ընթացակարգերը, ընտրողներին հնարավորություն են տվել, անկախ արտաքին ազդեցություններից կամ ընտրակաշառք ստանալու հանգամանքից, քվեարկել իրենց կամքին համապատասխան։

Հավասար հնարավորություններ ընտրվող թեկնածուները չէին կարող ունենալ ի սկզբանե՝ նախևառաջ պայմանավորված քաղաքական ցուցակում նրանց զբաղեցրած դիրքով։ Սխալ կլիներ ենթադրել, որ նրանց հնարավորությունները կարող էին հավասար լինել ինտելեկտուալ, ֆիզիկական, ֆինանսական, վարչական, սոցիալ-տնտեսական և հռետորական կարողությունների, քարոզչական տեխնոլոգիաներին տիրապետելու, իրենց աջակցող քաղաքական ուժերի ռեսուրսների և հնարավորությունների, ինչպես նաև ընտրողների վրա ազդեցություն գործադրելու մեխանիզմներին տիրապետելու և դրանք կիրառելու տեսանկյուններից։

 

Ընտրություններն ազատ էին այն իմաստով, որ յուրաքանչյուր ոք հնարավորություն ուներ ազատորեն արտահայտելու իր քաղաքական դիրքորոշումն ու տեսակետը։ Միաժամանակ, նախընտրական քարոզարշավի ընթացքում աննախադեպ ծավալների հասան ատելության խոսքը, փոխադարձ վիրավորանքներն ու միմյանց հասցեին հնչեցված մեղադրանքները։ Լայնորեն շրջանառվեցին վարչական ռեսուրսների չարաշահման, ընտրակաշառքի բաժանման, ինչպես նաև օտարերկրյա միջամտության վերաբերյալ բազմաթիվ հայտարարություններ, մեղադրանքներ և նույնիսկ սպառնալիքներ։ Ընտրակաշառքի վերաբերյալ մեղադրանքների հիման վրա իրականացվել են նաև բազմաթիվ ձերբակալություններ։

Նախընտրական քարոզչությունն իրականացվել է որոշ քարոզիչների կողմից անքաղաքավարի տհաճ պահվացքի դրսևորմամբ, բարեվարքության ու բարեկրթության ցածր մակարդակի ցուցաբերմամբ։ Քաղաքական գործիչները միմյանց հասցեին հաճախ օգտագործել են ատելության խոսք, անպատշաճ, վիրավորական և երբեմն նույնիսկ հայհոյանքին հասնող արտահայտություններ։ Այդ երևույթները դրսևորվել են ոչ միայն նախընտրական քարոզարշավի ընթացքում, այլև մինչ այդ՝ Ազգային ժողովի աշխատանքներում։ Ուստի դժվար է ակնկալել, որ քաղաքական հաղորդակցության մշակույթը էականորեն կբարելավվի նաև նորընտիր Ազգային ժողովում, քանի որ հիմնական քաղաքական դերակատարների կազմը էական փոփոխությունների չի ենթարկվել։

Ուղղակի ընտրական իրավունքի սկզբունքը ենթադրում է, որ քաղաքացիներն իրենց քաղաքական կամքն արտահայտում են անմիջականորեն՝ մասնակցելով ընտրական գործընթացին և ուղղակիորեն ընտրելով թեկնածուին։ Միևնույն ժամանակ, իրավական գրականության մեջ ընդունված է նաև այն մոտեցումը, համաձայն որի՝ ուղղակի ընտրական իրավունքը պահպանվում է նաև այն դեպքում, երբ քաղաքացիները քվեարկում են կուսակցության ընտրական ցուցակի օգտին, այսինքն՝ թեկնածուների ամբողջության օգտին։ Այս իմաստով՝ կարելի է ասել, Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի ընտրությունները, որոշակի վերապահումներով թեևս ոչ ամբողջությամբ, նույնպես համապատասխանում են ուղղակի ընտրական իրավունքի սկզբունքին։ Նկատի ունենալով, որ գոծող ընտրական համակարգը ուղղված է ավելի շուտ երկրի ղեկավաի ընտրությանը և պառլամնտը  հիմնականում ձևավորվում է վարչապետի թեկնածուներին տրվող քվեների հիման վրա։

Գաղտնի քվեարկության պայմանները, ընդհանուր առմամբ, ապահովված են եղել։ Քվեարկության ընթացքում կիրառվել են գործող Ընտրական օրենսգրքով նախատեսված բոլոր հիմնական ընթացակարգերը։

Ընտրողների մասնակցության պատշաճ և անկողմնակալ գրանցման, այլ անձի փոխարեն քվեարկության, ինչպես նաև քվեաթերթիկների շրջապտույտի «կառուսելի» բացառման խնդիրները, ըստ էության, լուծված են։ Ընտրողը նախ նույնականացվել է էլեկտրոնային (մատնահետքի) համադրման սարքի միջոցով, ապա ստորագրել ընտրողների ցուցակում։

Նույնականացումից հետո ընտրողը ստացել է ծրար և ընտրություններին մասնակցող բոլոր քաղաքական ուժերի մեկական քվեաթերթիկները, առանձնացել է քվեախցիկում, կատարել իր ընտրությունը, ընտրված քաղաքական ուժի քվեաթերթիկը տեղադրել ծրարի մեջ, իսկ մնացած քվեաթերթիկները թողել քվեախցիկում նախատեսված արկղում։ Այնուհետև, մոտենալով քվեատուփին, ծրարից դուրս մնացած դրոշմանիշ փակցնելու համար նախատեսված քվեաթերթիկի հատվածի, հանձնաժողովի անդամը փակցրել է ինքնասոսնձվող դրոշմանիշ, և դրանից հետո ընտրողը ծրարը գցել է քվեատուփի մեջ։

Այս մեխանիզմը կազմակերպված է այնպես, որ ընտրական հանձնաժողովի անդամները, դիտորդները կամ այլ անձինք չկարողանան պարզել ընտրողի կատարած ընտրությունը։

Քվեարկության գաղտնիությունը կարող էր կասկածի տակ դրվել միայն այնպիսի դեպքերում, ինչպիսիք են քվեախցիկների ոչ պատշաճ կազմակերպումը, ընտրողին իր քվեաթերթիկը լուսանկարելու պարտադրումը, տեխնիկական միջոցներով ընտրողի կամարտահայտության բացահայտումը կամ ընտրողին իր ընտրությունը ցուցադրելու հարկադրումը։ Սակայն նման դեպքերի վերաբերյալ տեղամասային ընտրական հանձնաժողովների անդամների, վստահված անձանց կամ դիտորդների կողմից համապատասխան արձանագրություններ էն կազմվում, որոնց վերաբերյալ ապացուցողական տվյալների հրապարկուներ չկան։

Սահմանադրական դատարանում փորձ է արվել հիմնավորել ծրարների թափանցիկության վերաբերյալ վարկածը, սակայն այն դատարանի կողմից ապացուցված չի համարվել։

Պետք է ընդգծել, որ ներկայումս Հայաստանի Հանրապետությունում ընտրողների քվեները, որպես կանոն, չեն կեղծվում, իսկ պաշտոնապես արձանագրված քվեարկության արդյունքները հիմնականում արտացոլում են ընտրողների արտահայտած կամքը։

Ընտրությունների հրապարակայնությունն ու թափանցիկությունը, ընդհանուր առմամբ, ապահովված են եղել։ Ընտրությունների արդյունքների գաղտնի կամ չվերահսկվող փոփոխման հնարավորությունը նվազեցնելու կամ բացառելու նպատակով տեղամասային ընտրական հանձնաժողովներում ընդգրկվում են Ազգային ժողովում ներկայացված քաղաքական ուժերի ներկայացուցիչներ, ապահովվում է դիտորդների և զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչների ներկայությունը, ընտրատեղամասերը տեսանկարահանվում են, ձայների հաշվարկն իրականացվում է հրապարակայնորեն, քվեարկության արդյունքների արձանագրությունները տրամադրվում են վստահված անձանց և դիտորդներին, ինչպես նաև հրապարակվում են Կենտրոնական ընտրական հանձնաժողովի պաշտոնական կայքում։ Բողոքների առկայության դեպքում իրականացվում են նաև վերահաշվարկներ։

Ընտրությունների կազմակերպման և անցկացման ընթացքում արձանագրվել են կազմակերպչական և տեխնիկական բնույթի որոշ խնդիրներ։ Դրանք վերաբերում էին ընտրատարածքային և տեղամասային ընտրական հանձնաժողովների աշխատանքի կազմակերպմանը, հանձնաժողովների անդամների պատրաստվածությանը, ինչպես նաև ընտրական որոշ ընթացակարգերի պատշաճ իրականացմանը։

Արձանագրվել են նախնական և վերջնական արդյունքների միջև որոշ թվային անհամապատասխանություններ։ Նման դեպքերը կարող են պայմանավորված լինել ինչպես տեխնիկական խափանումներով, այնպես էլ տվյալների մուտքագրման ընթացքում թույլ տրված մարդկային սխալներով։ Այս հանգամանքները կարող են վկայել ընտրական գործընթացների կազմակերպման և վարչարարության հետագա կատարելագործման անհրաժեշտության մասին, սակայն ինքնին չեն կարող բավարար հիմք հանդիսանալ ընտրությունների արդյունքներն ամբողջությամբ անվավեր ճանաչելու համար՝ առանց համապատասխան և համոզիչ ապացույցների։

Ընտրությունների ընթացքում երկրի կառավարելիության մակարդակը, ընդհանուր առմամբ, եղել է բավարար, և պետական կառավարման համակարգը շարունակել է գործել բնականոն ռեժիմով։

Ընտրությունների արդարության հարցը քննարկման առարկա էր դեռևս մինչև քվեարկության օրը, իսկ հետընտրական շրջանում այն դարձավ ու կմնա քաղաքական օրակարգի առանցքային թեմաներից մեկը։

 

Արդար ընտրությունների հասկացությունը չի սահմանափակվում միայն ընտրատեղամասերում կեղծիքներից զերծ քվեարկությամբ և ձայների ճիշտ հաշվարկով։ Այն ներառում է ընտրական ամբողջ գործընթացը՝ սկսած նախընտրական քարոզարշավից մինչև ընտրությունների վերջնական արդյունքների ամփոփումը և դրանց նկատմամբ հասարակական վստահության ձևավորումը։

 

Քվեարկությանը մասնակցած՝ թե՛ խորհրդարան անցած, թե՛ խորհրդարանից դուրս մնացած քաղաքական ուժերից գրեթե ոչ մեկը ընտրական գործընթացը չի գնահատել որպես լիովին արդար, ազատ և թափանցիկ։ Նույնիսկ Ազգային ժողով անցած քաղաքական ուժերը միմյանց փոխադարձաբար մեղադրում էին ընտրակաշառքի միջոցով ձայներ ձեռք բերելու, վարչական ռեսուրսների չարաշահման և ընտրական գործընթացի վրա անօրինական ազդեցություն գործադրելու մեջ։

 

Այս հանգամանքը վկայում է, որ ընտրությունների արդարության վերաբերյալ քաղաքական դերակատարների միջև ձևավորվել է փոխադարձ անվստահության մթնոլորտ։ Թեև ընտրությունների արդյունքների և դրանց օրինականության վերաբերյալ ներկայացված վիճարկումների իրավական գնահատականը տրվել է Սահմանադրական դատարանի կողմից, կարելի է ենթադրել, որ ընտրական գործընթացի նկատմամբ ձևավորված քաղաքական անվստահությունն ամբողջությամբ չի հաղթահարվել և շարունակում է մնալ հետընտրական քաղաքական միջավայրի բնորոշ առանձնահատկություններից մեկը։ Այդ անվստահության պահպանմանը նպաստում են նաև քաղաքական ուժերի հրապարակային գնահատականներն ու հայտարարությունները։

Ազգային ժողովի լեգիտիմության (օրինակարգության) հարցը տարբեր քաղաքական ուժերի և հասարակական խմբերի կողմից կարող է գնահատվել տարբեր կերպ՝ պայմանավորված նրանց քաղաքական դիրքորոշումներով և ընտրական գործընթացի վերաբերյալ ունեցած գնահատականներով։ Ընդդիմադիր քաղաքական ուժերը, ինչպես նաև խորհրդարանում չներկայացված որոշ քաղաքական ուժեր, կարող են կասկածի տակ դնել ընտրությունների արդյունքների լեգիտիմությունը՝ մասնավորապես մատնանշելով երեք ընտրատեղամասերում քվեարկության արդյունքների անվավեր ճանաչման և այդ տեղամասերում վերաքվեարկություն չանցկացնելու հանգամանքը։

Ընտրությունների արդյունքում ձևավորված ներկայացուցչական մարմնի լեգիտիմության գնահատման առանցքային հարցն այն է, թե որքանով են վերջնական արդյունքները արտացոլում ընտրողների իրական կամարտահայտությունը։ Այդ նպատակով անհրաժեշտ է գնահատել՝ արդյոք տեղի են ունեցել քվեների կեղծման դեպքեր, ինչպիսիք են դրանց հնարավոր ծավալներն ու ազդեցությունը ընտրությունների վերջնական արդյունքների վրա, և արդյոք առկա են այդ պնդումները հիմնավորող բավարար փաստական ապացույցներ։

Ընտրությունների լեգիտիմության կարևորագույն պայմաններից մեկը քվեարկության գաղտնիության ապահովումն է և քաղաքացիների՝ ազատ ու անկախ ընտրություն կատարելու փաստացի հնարավորությունը՝ առանց անօրինական ազդեցության, ճնշման կամ վերահսկողության։ Քվեարկության գաղտնիությունը կարծես թե ապհովված է եղել քվեարկության բոլոր տեղամասերում

 

Լեգիտիմության առումով առանձնահատուկ ուշադրության է արժանի նաև այն հանգամանքը, որ երեք ընտրատեղամասերում քվեարկության արդյունքները ճանաչվել են անվավեր, իսկ այդ տեղամասերում ընտրությանը մասնակցած քաղաքացիների թիվը կազմել է ընտրությանը մասնակցած ընտրողների ընդհանուր թվի մոտ 0.23 տոկոսը։

 

Եթե զուտ պայմանական հաշվարկային մոտեցմամբ լիովին անխախտ և առանց որևէ տեղամասի արդյունքների անվավեր ճանաչման անցկացված ընտրությունները ընդունենք որպես 100 տոկոսանոց լեգիտիմության պայմանական չափանիշ, ապա միայն չհաշվարկված ընտրողների համամասնության հիմքով տվյալ ցուցանիշը կարելի է ներկայացնել որպես 99.77 տոկոս։ Սակայն այս թիվը իրավական կամ գիտականորեն հաստատված լեգիտիմության ցուցանիշ չէ։ Այն ընդամենը պայմանական մաթեմատիկական հարաբերակցություն է, որը ցույց է տալիս, թե ընտրողների ընդհանուր թվի որ մասն է մասնակցել այն տեղամասերում, որոնց արդյունքները հետագայում չեն ներառվել մանդատների բաշխման հաշվարկում։ Հետևաբար, նշված ցուցանիշը չպետք է նույնացվի ընտրությունների ընդհանուր լեգիտիմության իրական չափման հետ, բայց այն կարող է կազմել լեգիտիմության գնահատման մասնակի մաս։

 

Այնուամենայնիվ, իրավական պահանջներին համապատասխան անվավեր ճանաչված տեղամասերի ընտրողների քվեները փաստացի չեն մասնակցել մանդատների վերջնական բաշխմանը։ Այսինքն՝ այդ ընտրողների կամարտահայտությունը չի արտացոլվել վերջնական արդյունքներում՝ անկախ նրանից, թե այդ քվեները կփոխեին մանդատների բաշխումը, թե ոչ։

 

Հետևաբար, նույնիսկ եթե այդ երեք տեղամասերի արդյունքների չեղարկումը չի փոխել ընտրությունների վերջնական քաղաքական արդյունքը, դա ինքնին հիմք է արձանագրելու, որ ընտրական գործընթացը չի եղել ամբողջությամբ անթերի։

 

Միաժամանակ, ընտրությունների լեգիտիմության գնահատումը չի կարող սահմանափակվել միայն քաղաքական ուժերի հայտարարություններով։ Այն պետք է դիտարկվի նաև ընտրողների ընդհանուր վերաբերմունքի, ընտրական գործընթացի նկատմամբ հանրային վստահության և ընտրությունների արդյունքների հասարակական ընդունելիության համատեքստում։

Նախորդ ընտրական գործընթացների փորձը ցույց է տալիս, որ այն դեպքերում, երբ հասարակության զգալի հատվածը համոզված է եղել ընտրախախտումների կամ քվեների կեղծման առկայության մեջ, և այդ պնդումները հիմնավորվել են բավարար փաստական տվյալներով, հաճախ ձևավորվել են լայնածավալ հանրային բողոքի շարժումներ։ Քննարկվող ընտրությունների դեպքում, սակայն, ընտրակեղծիքների վերաբերյալ լայնածավալ հանրային բողոք կամ զանգվածային փողոցային շարժում չի արձանագրվել։

Այն իրավիճակում, երբ քաղաքական ուժերը միմյանց մեղադրում են ընտրական գործընթացի անարդարության մեջ, սակայն միաժամանակ ընդունում են իրենց ստացած մանդատները, մասնակցում են Ազգային ժողովի աշխատանքներին և օգտվում օրենքով նախատեսված բոլոր իրավունքներից, առաջանում է ոչ միայն իրավական, այլև քաղաքական և բարոյաքաղաքական հետևողականության հարց։ Նույն դիտարկումը կարող է վերաբերել նաև այն քաղաքական ուժերին, որոնք, չհաղթահարելով խորհրդարան անցնելու շեմը, օրենքով սահմանված պայմանների առկայության դեպքում շարունակում են օգտվել պետական ֆինանսավորումից։

Քանի որ Հայաստանի Հանրապետությունում Ազգային ժողովի ընտրություններն անցկացվում են համամասնական ընտրակարգով, ընտրությունների լեգիտիմության հարցը վերաբերում է ոչ թե առանձին պատգամավորների կամ քաղաքական ուժերի, այլ ամբողջությամբ Ազգային ժողովի ձևավորման գործընթացին և դրա համապատասխանությանը ընտրողների ազատ արտահայտված կամքին։

2026 թվականի ընտրությունների քվեարկության արդյուների հիման վրա Ազգային ժողովի մանդատները բաշխվեցին Երեք քաղաքական ուժերի միջև։

Նշենք, որ վարչապետի գլխավորած «Քաղաքացիական պայմանագիր» -  (ՔՊ) կուսակցության ընտրական ցուցակը ձևավորվել է կուսակցության համագումարում անցկացված անհատական քվեարկության արդյունքների հիման վրա։

Միաժամանակ, համամասնական ընտրակարգի պայմաններում, երբ ընտրողը հնարավորություն ունի իր մեկ ձայնը տալու որևէ քաղաքական ուժի ընտրական ցուցակին, քվեարկությունը գործնականում հաճախ ընկալվում է նաև որպես տվյալ ցուցակը գլխավորող քաղաքական գործչի և նրա ներկայացրած քաղաքական ուղղության նկատմամբ վերաբերմունքի արտահայտություն։

Ընտրություններին մասնակցել է 18 քաղաքական ուժ։ Դրանց թվում եղել են ինչպես գործող իշխանությունը ներկայացնող քաղաքական ուժ, այնպես էլ տարբեր ընդդիմադիր ուղղվածություն ունեցող կուսակցություններ և դաշինքներ, որոնց մի մասը հիմնված էր զգալի ֆինանսատնտեսական ռեսուրսներ ունեցող անձանց կամ քաղաքական խմբերի մասնակցության վրա։ Որոշ քաղաքական ուժեր իրենց արտաքին քաղաքական դիրքորոշումներում շեշտադրում էին Ռուսաստանի հետ հարաբերությունների խորացումը, իսկ գործող իշխանությունը՝ որոշ չափով Հայաստանի հարաբերությունների զարգացումը արևմտյան գործընկերների և այլ պետությունների հետ։

Մանդատներ են ստացել վարչապետի գլխավորած քաղաքական ուժը, ինչպես նաև երեք հիմնական ընդդիմադիր ուժերից երկուսը։ Դրանցից մեկը՝ Ուժեղ Հայաստան կուսակցությունների դաշինքը, ձևավորվել էր ընտրություններին նախորդած ժամանակահատվածում՝ տարբեր քաղաքական և հասարակական դերակատարների մասնակցությամբ։ Մյուսը՝ Հայաստան կուսակցությունների դաշինքը, որը գլխավորում էր Հայաստանի Հանրապետության երկրորդ նախագահը։ Երրորդ խոշոր ընդդիմադիր ուժը՝ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը, որը չի ստացել խորհրդարանական մանդատներ։

Հիմք ընդունելով այն ենթադրությունը, որ ընտրություններին մասնակցած քաղաքացիների քվեները ընտրատեղամասերում էականորեն չեն խեղաթյուրվել, և հրապարակված արդյունքները ընդհանուր առմամբ արտացոլում են ընտրողների քաղաքական նախապատվությունները, կարելի է կատարել հետևյալ դիտարկումները հենվելով հրապարակված տվյալների վրա։

Վարչապետի գլխավորած քաղաքական ուժի օգտին քվեարկության պատճառները կարող էին պայմանավորված լինել տարբեր գործոններով։ Դրանց թվում կարելի է դիտարկել խաղաղության պահպանման ակնկալիքները, արտաքին քաղաքական ուղղության վերաբերյալ ընտրողների պատկերացումները, նախկին իշխանությունների նկատմամբ վերաբերմունքը, անվտանգության հետ կապված մտահոգությունները, ինչպես նաև քաղաքացիների հետ առնչվողղ սոցիալ-տնտեսական փոփոխությունների գնահատականները։

Քվեարկության արդյունքների համաձայն՝ ընտրությանը մասնակցած քաղաքացիների շուրջ 86 տոկոսը ձայն է տվել չորս հիմնական քաղաքական ուժերի, որոնք գլխավորում էին չորս առանցքային քաղաքական դերակատարներ։ Վարչապետի գլխավորած քաղաքական ուժը ստացել է քվեարկությանը մասնակցած ընտրողների ձայների շուրջ 49,3 տոկոսը, իսկ երեք հիմնական ընդդիմադիր ուժերը միասին՝ շուրջ 36,8 տոկոսը։ Մնացած 14 քաղաքական ուժերը միասին ստացել են մոտ 12,7 տոկոս ձայն։ Անվավեր քվեաթերթիկները կազմել են մոտ 1,1 տոկոս, իսկ արձանագրված թվային անճշտությունները՝ մոտ 0,1 տոկոս։

Եթե ընտրողների ձայների բաշխումը դիտարկենք արտաքին քաղաքական կողմնորոշումների համատեքստում՝ պայմանականորեն առանձնացնելով արևմտյան ուղղվածություն ունեցող և Ռուսաստանի հետ հարաբերությունների խորացման կողմնակից քաղաքական ուժերին, ապա հրապարակված արդյունքները ցույց են տալիս, որ առաջին խմբին վերագրվող ուժերի ընդհանուր աջակցությունը գերազանցել է երկրորդ՝ ռուսամետ, խմբի ստացած ձայների ծավալը։

Քվեարկության ընթացքի, դրա արդյունքների և դրանց վերաբերյալ ընդունված որոշումների հետ կապված հարցերը ներկայացվում են ստորև՝ համապատասխան վերլուծությունների, գնահատականների և եզրահանգումների միջոցով։

Ընտրություններին մասնակցել է 18 քաղաքական ուժ։ Հրապարակված պաշտոնական տվյալների համաձայն՝ 2005 ընտրական տեղամասերից առավելագույն թվով ձայներ են ստացել՝

• 1881 ընտրատեղամասում՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը,
• 94 ընտրատեղամասում՝ Ուժեղ Հայաստան կուսակցությունների դաշինքը,
• 13 ընտրատեղամասում՝ Հայաստան կուսակցությունների դաշինքը,
• 8 ընտրատեղամասում՝ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը,
• 7 ընտրատեղամասում՝ «Միասնության թևեր» կուսակցությունը,
• 1 ընտրատեղամասում՝ «Հանուն Հանրապետության» ժողովրդավարության պաշտպանների դաշինք կուսակցությունը,
• 1 ընտրատեղամասում՝ «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը։

 

Հաշվի առնելով ընտրական գործընթացի կազմակերպման ժամանակակից պայմանները, քվեարկության ընթացակարգերի վերահսկման հնարավորությունները և քվեների հաշվարկի նկատմամբ իրականացվող բազմաշերտ վերահսկողությունը՝ կարելի է արձանագրել, որ ընտրական գործընթացի ընթացակարգային երաշխիքները նախորդ ժամանակաշրջանների համեմատ զգալիորեն բարելավվել են։

Սակայն գրանցվել է փաստ առ այն, որ մեկ ընտրատեղամասում բացակայել են քաղաքական ուժերից մեկի քվեաթերթիկները, իսկ երկու այլ ընտրատեղամասերում քվեարկությունը շարունակվել է սահմանված ժամկետից զգալիորեն երկար՝ ընտրատեղամասերի ժամանակին չփակվելու պատճառով։ Այդ հանգամանքների հետևանքով տվյալ ընտրատեղամասերի քվեարկության արդյունքները ճանաչվել են անվավեր։

Վերոնշյալ դեպքերը ցույց են տալիս, որ թեև քվեարկության և ձայների հաշվարկի թափանցիկության ապահովման ուղղությամբ արձանագրվել է էական առաջընթաց, ընտրական գործընթացի կազմակերպման ոլորտում դեռևս առկա են խնդիրներ, որոնց լուծումը կարող է նպաստել ընտրական համակարգի արդյունավետության և հանրային վստահության հետագա բարձրացմանը։

Ընտրությունների կազմակերպման ընթացքում առկա որոշ խնդիրների մասին են վկայում նաև Կենտրոնական ընտրական հանձնաժողովի հրապարակած նախնական տվյալների և ընտրատեղամասերի արձանագրություններում ամրագրված տվյալների միջև արձանագրված տարբերությունները, ինչպես նաև 2005 ընտրատեղամասերից 637-ում իրականացված վերահաշվարկները և դրանց արդյունքում կատարված ճշգրտումները։

Դրական հանգամանք է այն, որ գործող համակարգը նախատեսում է քվեների վերահաշվարկի և արձանագրված տվյալների ճշտման իրավական ու գործնական հնարավորություններ։ Միաժամանակ, առանձին թվային անհամապատասխանությունները և դրանց վերաբերյալ արձանագրություններում բավարար բացատրությունների բացակայությունը վկայում են տեղամասային ընտրական հանձնաժողովների աշխատանքի կազմակերպման և տվյալների մշակման գործընթացների հետագա կատարելագործման անհրաժեշտության մասին։

Տեղամասային ընտրական հանձնաժողովների արձանագրություններում ամրագրված թվային տվյալների՝ ընտրատարածքային մակարդակում համակարգչային համակարգերի միջոցով ձեռքով մուտքագրման գործընթացը որոշ դեպքերում կարող էր հանգեցնել Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից հրապարակված նախնական արդյունքներում թվային անհամապատասխանությունների առաջացման։ Այս հանգամանքը վկայում է, որ տվյալների փոխանցման, մուտքագրման և ստուգման գործընթացներում անհրաժեշտ է շարունակաբար կատարելագործել վերահսկողական մեխանիզմները՝ հնարավորինս նվազեցնելով մարդկային գործոնի ազդեցությունը։

 

Միաժամանակ, հրապարակված տվյալների և տեղամասային հանձնաժողովների արձանագրություններում ամրագրված թվերի միջև տարբերությունների առկայությունը հիմք է տալիս քննարկելու ընտրական արդյունքների թվայնացված մշակման, տվյալների ավտոմատացված ստուգման և տեղեկատվության փոխանցման համակարգերի հետագա կատարելագործման անհրաժեշտությունը։

 

Կարելի է ենթադրել, որ տեխնիկապես հնարավոր և գործնականում իրագործելի է մշակել տեղամասային քվեարկության արդյունքների արձանագրության այնպիսի միասնական ձևաչափ, որը հնարավորություն կտա արձանագրությունը սկանավորելուց կամ մեքենայական ընթերցման միջոցով ծրագրային եղանակով ավտոմատ ճանաչել և համակարգչային համակարգում անմիջապես գրանցել արձանագրության բոլոր թվային տվյալները՝ առանց դրանք ձեռքով մուտքագրելու։

 

Նման լուծումը հնարավորություն կտա ընտրատարածքային ընտրական հանձնաժողովներում ավտոմատ կերպով ձևավորել յուրաքանչյուր տեղամասի արդյունքները, հաշվարկել դրանց գումարային ցուցանիշները, իսկ հետագայում՝ նույն սկզբունքով, հանրապետության բոլոր տեղամասերի արձանագրությունների հիման վրա ստանալ ընտրությունների համապետական ամփոփ արդյունքները։ Միաժամանակ, ծրագրային ապահովումը կարող է իրականացնել տրամաբանական և թվաբանական ավտոմատ ստուգումներ՝ անմիջապես հայտնաբերելով հնարավոր անհամապատասխանությունները կամ սխալները, ինչը կնպաստի արդյունքների ճշգրտության, մշակման արագության և ընտրական գործընթացի նկատմամբ հանրային վստահության բարձրացմանը։

 

Ընտրական օրենսգրքի պահանջների խախտումների հետևանքով երեք ընտրատեղամասերում քվեարկության արդյունքները Կենտրոնական ընտրական հանձնաժողովի (ԿԸՀ) որոշմամբ ճանաչվել են անվավեր։ Դրա հետևանքով փոփոխություններ են կատարվել ընտրությունների վերջնական թվային արդյունքներում։ Այս իրավիճակը առաջացնում է մի շարք հարցեր՝ մասնավորապես, թե ինչ չափով են այդ փոփոխություններն ազդել վերջնական արդյունքների վրա, և արդյոք գործող իրավական կարգավորումները բավարար չափով հստակ են նման դեպքերի հետևանքները գնահատելու և կարգավորելու համար։

Խնդիրն առավել զգայուն էր այն պատճառով, որ քաղաքական ուժերից մեկը ընտրական շեմը հաղթահարելու սահմանագծին էր գտնվում՝ չհաղթահարելով այն հազարերորդական տոկոսի չափով տարբերությամբ։

Այս համատեքստում առաջանում է նաև հարց՝ եթե այդ երեք ընտրատեղամասերի արդյունքները ներառվեին ընդհանուր հաշվարկում, այսինքն՝ անվավեր ճանաչված ձայները համապատասխան ճշգրտումներով ներառվեին, իսկ մասնակցության ընդհանուր ցուցանիշները վերաշարադրվեին, արդյոք (ԲՀԿ) «Բարգավաճ Հայաստան կուսակցությունը»  կհաղթահարե՞ր սահմանված ընտրական շեմը։

Այս հարցի վերաբերյալ հանրության համար մատչելի և ամբողջական ձևով ներկայացված հաշվարկ, որը միանշանակ ցույց կտար երեք ընտրատեղամասերի արդյունքների հնարավոր ազդեցությունը մանդատների բաշխման վրա, հրապարակված չի եղել։ Միաժամանակ հարկ է նշել, որ Սահմանադրական դատարանի որոշմամբ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի այն որոշումը, որով ԲՀԿ-ն մանդատներ չի ստացել, մնացել է ուժի մեջ։

Պետք է հաշվի առնել, որ ընտրական գործընթացին վերաբերող բոլոր թվային տվյալները օրենքով սահմանված կարգով հասանելի են հանրությանը։ Դա հնարավորություն է տալիս անկախ մասնագետներին, քաղաքական ուժերին և շահագրգիռ այլ անձանց իրականացնել լրացուցիչ վերլուծություններ, վերահաշվարկներ և գնահատումներ։

Անկախ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի և Սահմանադրական դատարանի կողմից ընդունված որոշումներից՝ ընտրական գործընթացի ամբողջական գնահատման համար անհրաժեշտ էր ստանալ հետևյալ հիմնական հարցերի պատասխանները։

1.   Արդյո՞ք ընտրողների քվեները կեղծվել են, և եթե այո՝ ինչ ծավալով։ Անհրաժեշտ է պարզել՝ արդյոք առկա են նման դեպքերի վերաբերյալ փաստական ապացույցներ, որ ընտրատեղամասերում են դրանք արձանագրվել, և ինչ մեխանիզմներով կարող էին իրականացվել հնարավոր խախտումները։

2.   Արդյո՞ք արձանագրվել են քվեատուփերում քվեաթերթիկների կամ քվեարկության ծրարների թվի անհամապատասխանություններ՝ ընտրությանը փաստացի մասնակցած անձանց թվի համեմատ։ Ընտրությանը մասնակցած ընտրողների թիվը պետք է համադրվի ընտրողների ցուցակներում առկա ստորագրությունների և էլեկտրոնային գրանցման տվյալների հետ։ Անհրաժեշտ է նաև գնահատել, թե արդյոք քվեատուփերում առկա քվեարկության ծրարների և քվեաթերթիկների վերաբերյալ տվյալները համապատասխանում են սահմանված ընթացակարգերին։

3.   Արդյո՞ք եղել են այլ անձանց փոխարեն քվեարկության դեպքեր։ Նման հնարավորությունները ներկայումս զգալիորեն սահմանափակված են անձի նույնականացման մեխանիզմներով՝ անձնագրային տվյալների և էլեկտրոնային (կենսաչափական) նույնականացման միջոցների կիրառմամբ։ Միաժամանակ, ընտրողների մասնակցության վերաբերյալ հրապարակվող տվյալները հնարավորություն են տալիս ստուգելու հնարավոր թվային անհամընկնումները։

4.   Արդյո՞ք եղել են քվեների սխալ կամ կեղծ հաշվարկման դեպքեր։ Այս հարցի գնահատման համար կարևոր է հաշվի առնել, որ տեղամասային ընտրական հանձնաժողովները ներառում են տարբեր քաղաքական ուժերի ներկայացուցիչներ, իսկ արդյունքների արձանագրությունները ստորագրվում են հանձնաժողովի անդամների կողմից։ Եթե հաշվարկի ընթացքում արձանագրվել են էական խախտումներ, դրանք պետք է արտացոլված լինեին համապատասխան արձանագրություններում։ Միաժամանակ, եթե նման դեպքեր առկա են եղել, անհրաժեշտ է պարզել դրանց քանակը, տեղամասերը և ազդեցությունը վերջնական արդյունքների վրա։

5.   Արդյո՞ք արձանագրվել են քվեարկության գաղտնիության խախտման դեպքեր։ Անհրաժեշտ է պարզել նման դեպքերի առկայությունը, դրանց վերաբերյալ կազմված արձանագրությունները և հնարավոր մեխանիզմները։ Քվեարկության գաղտնիության ապահովման գնահատման ժամանակ պետք է հաշվի առնել, որ ընտրատեղամասերում ներկայացված են տարբեր քաղաքական ուժերի ներկայացուցիչներ, իսկ ընտրողը հնարավորություն ունի ինքնուրույն ընտրելու քվեաթերթիկը և այն տեղադրելու քվեարկության ծրարի մեջ։

6.   Արդյո՞ք արձանագրվել են քվեների հաշվարկի ընթացքում դիտավորյալ խախտումներ։ Նման դեպքերի հավանականությունը նվազեցնում են քվեների հաշվարկի ընթացակարգերը, տեսանկարահանման հնարավորությունը, հանձնաժողովի տարբեր անդամների մասնակցությունը, ինչպես նաև վստահված անձանց և դիտորդների ներկայությունը։ Այնուամենայնիվ, եթե նման դեպքեր արձանագրվել են, անհրաժեշտ է դրանք գնահատել փաստերի և կոնկրետ տվյալների հիման վրա։

7.   Նկատենք որ երեք ժամը մեկ տեղամասերից մասնակցության՝ ըստ տեղամասերի հրապարակված տվյալների, կարծես թե այլևս, որևէ տեղամասի թողունակթույունները գերազանցող քվեարկությունների արձանագրումներ չէն լինում։

2026 թվականի խորհրդարանական ընտրությունների արդյունքների ամփոփման և դրանց հիման վրա հետագա որոշումների կայացման գործընթացում ձևավորվեց արդար ընտրությունների հարցով իրավական, քաղաքական և հանրային քննարկումների տեղիք տված իրավիճակ։

 

Հրապարակված նախնական տվյալների և ընտրական թվերի համադրությունից կարծես թե պարզ էր դառնում, որ Հայաստանի ամենահարուստ անձի կողմից հիմնադրած «Բարգավաճ Հայաստան» կուսակցության (ԲՀԿ) ստացած քվեները բավարար չեն եղել օրենքով սահմանված անցողիկ շեմը հաղթահարելու համար։

 

Վերահաշվարկի արդյունքում հրապարակված վերջնական տվյալների հիման վրա կատարված հաշվարկները թույլ են տալիս եզրակացնել, որ նույնիսկ այն դեպքում, եթե երեք ընտրատեղամասերում քվեարկության արդյունքները չճանաչվեին անվավեր, ԲՀԿ-ի ստացած ձայները, ամենայն հավանականությամբ, բավարար չէին լինի անցողիկ շեմը հաղթահարելու համար։ Այլ կերպ ասած՝ այդ երեք ընտրատեղամասերի արդյունքների ներառումը, ըստ առկա հաշվարկների, ինքնին չէր հանգեցնի մանդատների բաշխման  հարաբերակցության փոփոխության։

 

Հետևաբար, եթե առկա լինեին հակառակ եզրակացությունը հիմնավորող տվյալներ, անհրաժեշտ կլիներ ներկայացնել ընտրատեղամասերի արձանագրությունների հիման վրա կատարված մանրամասն թվային հաշվարկներ և դրանք ներկայացնել նաև Սահմանադրական դատարան։ Այդ հաշվարկները պետք է հնարավորություն տային ցույց տալու, որ հենց երեք ընտրատեղամասերում քվեարկության արդյունքների անվավեր ճանաչումն է հանդիսացել ԲՀԿ-ի կողմից մանդատներ չստանալու որոշիչ պատճառը։

 

Միևնույն ժամանակ, պետք է հաշվի առնել, որ ընտրություններին մասնակցած քաղաքական ուժերը հնարավորություն են ունեցել ծանոթանալու ընտրատեղամասերի արձանագրություններին, ուսումնասիրելու Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից հրապարակված՝ ըստ ընտրատեղամասերի թվային տվյալները, վերահսկելու քվեարկության ընթացքը, արձանագրելու հնարավոր խախտումները, ինչպես նաև ծանոթանալու տեսանկարահանված նյութերին։

 

Այս հանգամանքը կարևոր է հատկապես այն պատճառով, որ ընտրությունների արդյունքների վիճարկման դեպքում քաղաքական ուժերի և նրանց ներկայացուցիչների կողմից ներկայացվող առարկությունները պետք է հնարավորինս հիմնված լինեին կոնկրետ ընտրատեղամասերի տվյալների, արձանագրությունների և ստուգելի հաշվարկների վրա։

 

Միաժամանակ, ընտրական գործընթացի կազմակերպման լուրջ թերություն պետք է համարել այն հանգամանքը, որ ընտրատարածքային և կենտրոնական ընտրական հանձնաժողովները ժամանակին չեն հայտնաբերել և կանխել այնպիսի իրավիճակները, որոնց պայմաններում մեկ ընտրատեղամասում բացակայել են որևէ քաղաքական ուժի քվեաթերթիկները, իսկ երկու այլ ընտրատեղամասերում չեն պահպանվել քվեարկության ավարտի և տեղամասի փակման համար օրենքով սահմանված ժամկետները։ Հենց այդ հանգամանքներն են հիմք հանդիսացել նշված երեք ընտրատեղամասերում քվեարկության արդյունքները՝ ըստ օրենքի պաանջի ԿԸՀ ֊ ի կողմից, անվավեր ճանաչելու համար։ Հետաքրքիր է, որ օրենքով սամանված ժամկետներում համապատասխան Ընտրատարածքային Ընտրական Հանձնաժողովներում անվավերության հարց չի լուծվել։ 

 

Օրենքով սահմանված պահանջների խախտումները, այդպիսով, իրավական հիմք են հանդիսացել տվյալ տեղամասերում քվեարկության արդյունքների անվավեր ճանաչման համար։ Հարց է թե կար արդյո՞ք դիտավորություն խախտումերի առումով։

 

Եթե Կենտրոնական ընտրական հանձնաժողովը երեք ընտրատեղամասերում նշանակեր վերաքվեարկություն, ապա դրա արդյունքը, ըստ ներկայացված հաշվարկների, կարող էր առավելագույնը անդրադառնալ հինգ մանդատի բաշխման վրա։

 

Հաշվի առնելով ազգային փոքրամասնություններին նախատեսված մանդատները՝ ընդհանուր 105 մանդատներից առնվազն 100-ը նախնական հաշվարկով, մինչ վերաքվեարկության արդյունքների հայտնի դառնալը, կարող էին նախապես բաշխվել հետևյալ կերպ.

 

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն 61 մանդատ,

Ուժեղ Հայաստան կուսակցությունների դաշինք 28 մանդատ,

Հայաստան» կուսակցությունների դաշինք 11 մանդատ։

 

Եթե երեք ընտրատեղամասերում հնարավոր վերաքվեարկության արդյունքների հաշվարկը հանգեցներ նրան, որ ԲՀԿ-ն հաղթահարեր օրենքով սահմանված անցողիկ շեմը, ապա, ներկայացված հաշվարկների համաձայն, կուսակցությունը կարող էր ստանալ առնվազն չորս մանդատ։ Հինգերորդ մանդատի հնարավորությունը, իր հերթին, կախված կլիներ վերաքվեարկության արդյունքում ձևավորված քվեների վերջնական բաշխումից և դրա հիման վրա մանդատների վերաբաշխման հաշվարկից։

 

Մյուս քաղաքական ուժերը, որոնք մանդատ չեն ստացել, ներկայացված հաշվարկային տարբերակների շրջանակում, չէին հասնի լրացուցիչ մանդատ ստանալու համար անհրաժեշտ շեմին։

 

Այս համատեքստում առաջանում է նաև ավելի լայն քաղաքական հարց. եթե անվավեր ճանաչված երեք ընտրատեղամասերի ընտրողները և քաղաքական ուժերը իմանալով, որ այդ տեղամասերում արձանագրվելիք հնարավոր քվեները կարող են էականորեն ազդել հիմնականում Քաղաքացիական պայմանագիր և Բարգավաճ Հայաստան կուսակցությունների միջև ձայների հարաբերակցության վրա, արդյո՞ք նրանց ընտրական վարքագիծը նույնը կլինի։ Այս հարցին միանշանակ պատասխան տալ հնարավոր չէ, սակայն այն կարևոր է ընտրությունների լեգիտիմության ոչ միայն իրավական, այլև քաղաքական և հասարակական ընկալման տեսանկյունից։

 

Եթե վերաքվեարկության արդյունքում ԲՀԿ-ն չհաղթահարեր անցողիկ շեմը, ապա ներկայացված հաշվարկների համաձայն՝ մանդատների վերաբաշխման առավելագույն հնարավոր տարբերակը կարող էր լինել այն ինչը արձանագրվել է Կենտրոնական Ընտրական Հանձնաժողովի կողմից և ուժի մեջ է թողնվել Սահմանադրական Դատարանում։ Այն հետևյալն է՝

 

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն՝ 64 մանդատ,

Ուժեղ Հայաստան կուսակցությունների դաշինք՝ 29 մանդատ,

Հայաստան կուսակցությունների դաշինք՝ 12 մանդատ։

 

Այս տարբերակում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը բաժին հասած 64 մանդատը մեկ մանդատով գերազանցում է Ազգային ժողովի ընդհանուր 105 մանդատի երեք հինգերորդը՝ 63 մանդատը։

 

Սահմանադրական դատարանը, յոթ քաղաքական ուժերի ներկայացրած դիմումների հիման վրա, օրենքով սահմանված կարգով քննել է ընտրությունների արդյունքներով ընդունված որոշումների վերաբերյալ վեճերը։

 

Երկու դատավորների բացարկի պայմաններում գործի քննությանը մասնակցել է յոթ դատավոր։

 

Համաձայն Սահմանադրական դատարանի մասին օրենքի 77-րդ հոդվածի՝ Ազգային ժողովի ընտրությունների արդյունքներով ընդունված որոշման հետ կապված վեճերի լուծման շրջանակում Սահմանադրական դատարանը կարող է, մասնավորապես, ընդունել հետևյալ որոշումներից մեկը.

 

Ազգային ժողովի ընտրությունների արդյունքներով ընդունված որոշումը թողնել ուժի մեջ։

Անվավեր ճանաչել ընտրությունների արդյունքներով ընդունված որոշումը և՝

անվավեր ճանաչել ընտրությունների արդյունքները,

անվավեր ճանաչել ընտրությունների արդյունքները և սահմանել մանդատների բաշխման կարգ,

նշանակել ընտրությունների երկրորդ փուլ։

 

Նույն հոդվածի 14-րդ մասով նախատեսվում է նաև, որ եթե Սահմանադրական դատարանը, սպառելով ապացույցներ ձեռք բերելու համար օրենքով նախատեսված բոլոր հնարավորությունները, չի կարողանում պարզել ընտրությունների իրական արդյունքները, սակայն առկա հավաստի ապացույցները վկայում են, որ ընտրախախտումները ունեցել են կազմակերպված, զանգվածային, կրկնվող կամ պարբերական բնույթ, իսկ դրանց համադրությունը ցույց է տալիս համակարգային փոխկապակցվածություն, որի հետևանքով խախտվել են Սահմանադրության 7-րդ հոդվածով ամրագրված ընտրական իրավունքի սկզբունքները, ապա դատարանն իրավասու է այդ հիմքով անվավեր ճանաչել ընտրությունների արդյունքները։

 

Միաժամանակ, եթե Սահմանադրական դատարանը անվավեր ճանաչեր Կենտրոնական ընտրական հանձնաժողովի որոշումը և անհրաժեշտ համարեր նոր հաշվարկ կատարել՝ հաշվի առնելով երեք ընտրատեղամասերում քվեարկության արդյունքների անվավերության հանգամանքը, ապա կպահանջվեր որոշել այնպիսի իրավական մեխանիզմ, որը հնարավորինս լիարժեք կարտացոլեր ինչպես անվավեր ճանաչված քվեարկությունների պայմաններում ընտրողների արդեն իսկ իրացված կամարտահայտության տարբեր հնարավոր թվային համադրությունների արդյունքում մանդատների բաշխման հավանական արդյունքները, այնպես էլ, անհրաժեշտության դեպքում, այդ երեք ընտրատեղամասերում հնարավոր վերաքվեարկության արդյունքները։

 

Սակայն Սահմանադրական դատարանը Կենտրոնական ընտրական հանձնաժողովի որոշումը թողեց ուժի մեջ։ Արդյունքում Ազգային ժողովի մանդատները բաշխվեցին երեք քաղաքական ուժերի միջև՝ սահմանված հարաբերակցության համաձայն։

 

Ընտրությունների վերաբերյալ միջազգային տարբեր դերակատարների գնահատականները տարբեր են եղել։

 

Այդ պայմաններում ընտրությունների արդյունքների անվավեր ճանաչումը կարող էր առաջացնել լրացուցիչ քաղաքական և միջազգային անորոշություն։

 

Միաժամանակ, բազմաթիվ երկրների և միջազգային կառույցների ներկայացուցիչներ շնորհավորանքներ են հղել վարչապետին «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հաղթանակի կապակցությամբ և իրենց աջակցությունն են հայտնել Հայաստանի Հանրապետությանը։ Հակառակ դիրքորոշումներ ևս եղել են, այդ թվում՝ Ռուսաստանի Դաշնության և Բելառուսի ղեկավարների կողմից չհնչեցված շնորհավորանքների համատեքստում։

 

Այն հանգամանքը, որ ընտրությունների պաշտոնական արդյունքները հիմնականում արտացոլել են քվեարկության արդյունքները, իսկ Ազգային ժողովի մանդատները բաշխվել են դրանց համապատասխան և հանրային ընդվզում չի եղել, կարող է դիտարկվել որպես ընտրությունների արդյունքների, հանրության  կողմից լայն քաղաքական ընդունելիության և համակերպվածության կարևոր ցուցիչ։

 

Դրան նպաստում է նաև այն փաստը, որ ընտրություններին մասնակցած և Ազգային ժողովում մանդատներ ստացած քաղաքական ուժերը, նույնիսկ ընտրությունների լեգիտիմության վերաբերյալ որոշակի մտահոգություններ ունենալու պայմաններում, ընդհանուր առմամբ ընդունել են ձևավորված արդյունքները և դրանց հիման վրա առաջացած մանդատների բաշխումը։

 

Նույնը, ընդհանուր առմամբ, վերաբերում է նաև ընտրություններին մասնակցած մյուս քաղաքական ուժերին՝ բացառությամբ այն դեպքերի, երբ ներկայացվել են առանձին առարկություններ կամ վիճարկումներ։

 

Միաժամանակ, նման վիճարկումները հիմնականում չեն վերաբերել տեղամասային հանձնաժողովների կողմից քվեների հաշվարկի կամ արդյունքների արձանագրման համակարգային անճշտություններին։ Դրանք առավելապես առնչվել են ընտրական գործընթացի այլ փուլերին, հիմնականում նախընտրական քարոզչությանը, ընտրական իրավունքի իրացման պայմաններին և ընտրությունների ընդհանուր օրինականության վերաբերյալ մտահոգություններին։

 

2026 թվականի ընտրությունների վերջնական քաղաքական գնահատականը մեծապես կախված է նաև ձևավորված Ազգային ժողովի հետագա գործունեությունից, ընդունվող որոշումների որակից, քաղաքական մրցակցության պահպանվող պայմաններից և իշխանության ու ընդդիմության միջև ձևավորվող հարաբերություններից։

 

Այդ պատճառով 2026 թվականի ընտրությունների վերաբերյալ առավել հավասարակշռված եզրակացությունը կարող է լինել հետևյալը․ ընտրությունների արդյունքները, առկա տվյալների և դրանց հիման վրա կատարված հաշվարկների համաձայն, չեն ունեցել այնպիսի խախտումների ազդեցություն, որը փոխել է մանդատների հիմնական բաշխումը, սակայն ընտրական գործընթացում արձանագրված խնդիրները հիմք են տալիս դրանք գնահատելու ոչ թե որպես անթերի, այլ որպես արդյունքով կայացած, սակայն առանձին իրավական, կազմակերպչական և քաղաքական խնդիրներ ունեցող ընտրություններ։

 

Պետության հետագա քաղաքակրթական զարգացումն ապահովելու համար առաջնահերթ անհրաժեշտ է լուծել պետության գոյության, ինքնիշխանության և անվտանգության հետ կապված հիմնարար խնդիրները։ Դրան զուգահեռ և դրանից հետո անհրաժեշտ է համակողմանիորեն գնահատել, թե գործող Սահմանադրությունը, դատաիրավական համակարգը, պետական կառավարման մարմինները, ընտրական համակարգը, կրթական համակարգը, ինչպես նաև հանրության ընդհանուր գիտակցական մակարդակը որքանով են համապատասխանում ժամանակակից, իրավական, ժողովրդավարական և արդյունավետ պետության կայացման նպատակներին։

Միաժամանակ, անհրաժեշտ է գնահատել այն անձանց և պետական ու հասարակական կառույցների գործունեությունը, որոնցից էապես կախված են պետական համակարգի կայունությունն ու զարգացումը՝ պարզելու համար, թե որքանով են նրանք իրենց գործունեությամբ նպաստում իրավական, ժողովրդավարական և արդյունավետ պետական կառավարման ձևավորմանն ու ամրապնդմանը։

Այս համատեքստում առանցքային նշանակություն ունի նաև այն հարցի պարզումը, թե արդյոք հասարակության մեջ առկա է բավարար քաղաքական, տնտեսական, մասնագիտական և մտավոր ներուժ ունեցող հանրային շրջանակ, որը կարող է ոչ միայն մասնակցել պետության զարգացման գործընթացներին, այլև էական ազդեցություն ունենալ պետական քաղաքականության և զարգացման ռազմավարական ուղղությունների ձևավորման վրա։

Առանձին ուշադրության է արժանի ընտրական համակարգի և ընտրական օրենսդրության համապատասխանությունը հավասար, ազատ և ուղղակի ընտրական իրավունքի սկզբունքներին։ Հարց է առաջանում՝ որքանով է ապահովվում ընտրողների իրական կամարտահայտության արտացոլումը այն պայմաններում, երբ յուրաքանչյուր ընտողի մեկ քվեով են խորհրդարան մտնում հիմնականում քաղաքական ուժերի ղեկավարների կամ սահմանափակ շրջանակների կողմից ձևավորված ընտրական ցուցակներում ընդգրկված թեկնածուները։

Անհրաժեշտ է գնահատել նաև, թե արդյոք գործող Ընտրական օրենսգիրքը բավարար երաշխիքներ է ապահովում արդար ընտրությունների կազմակերպման, անցկացման և քվեարկության արդյունքների հնարավորինս ճշգրիտ գնահատման համար։

Ընտրական օրենսդրության կատարելագործման անհրաժեշտությունը ակնհայտ է, իսկ ընտրական համակարգը, ընդհանուր առմամբ, պահանջում է շարունակական բարեփոխումներ։

Հայաստանում կիրառվող համամասնական ընտրակարգը, որի պայմաններում ընտրողը հիմնականում ընտրում է քաղաքական ուժի ցուցակը, այլ ոչ թե առանձին թեկնածուներին, ամբողջությամբ չի ապահովում Ազգային ժողովի այնպիսի կազմավորում, որը առավելագույնս կհամապատասխանի ընտրողների անհատական նախապատվություններին։

Միաժամանակ, առանց տեղամասային քվեարկության գործող մեխանիզմի էական փոփոխության հնարավոր է դիտարկել այնպիսի լուծումներ, որոնց դեպքում ընտրական ցուցակներում ընդգրկվող անձինք և նրանց հերթականությունը որոշվեն ավելի բաց և մասնակցային գործընթացներով, օրինակ՝ էլեկտրոնային, նախնական ներկուսակցական քվեարկությունների միջոցով։ Նման մոտեցումը կարող է դիտարկվել որպես քայլ դեպի առավել ժողովրդավարական և քաղաքակիրթ ընտրական համակարգի ձևավորում։

Արժե քննարկել այնպիսի ընտրական մոդելների կիրառման հնարավորությունը, որոնք կապահովեն ընտրողների իրական նախապատվությունների ավելի ամբողջական արտացոլում։ Մասնավորապես, կարևոր է ուսումնասիրել այնպիսի համակարգերի հնարավորությունը, որոնց պայմաններում պատգամավորական մանդատը մեծապես պայմանավորված կլինի թեկնածուի նկատմամբ ընտրողների անհատական վստահության և ստացած ձայների քանակի վրա։

Ընտրական օրենսդրության և իրավաքաղաքական համակարգի կատարելագործման անհրաժեշտությունը ձևավորվել է նախորդ ընտրական գործընթացների փորձի ընթացքում, սակայն վերջին տարիների իրադարձությունները այդ անհրաժեշտությունն առավել ակնհայտ են դարձրել։

Ընտրական համակարգի բարելավման նպատակով անհրաժեշտ է քննարկել մի շարք հիմնահարցեր։

1. Կուսակցությունների ինստիտուցիոնալ կայացման պայմանները

Անհրաժեշտ է վերանայել կուսակցությունների ձևավորման, գործունեության և ներքին ժողովրդավարության ապահովման հետ կապված կարգավորումները։ Կարևոր է քննարկել այնպիսի մեխանիզմների ներդրումը, որոնց միջոցով ընտրողները ավելի մեծ դեր կունենան կուսակցական ցուցակների ձևավորման և թեկնածուների դասակարգման գործընթացում։

2. Քվեարկության արդյունքների առավել ճշգրիտ գնահատման խնդիրը

Անհրաժեշտ է գնահատել, թե արդյոք գործող կարգավորումները լիարժեք լուծում են քվեարկության արդյունքների ճշգրիտ հաշվարկման խնդիրը։ Եթե քաղաքական ուժերի ստացած ձայների տոկոսները հաշվարկվում են նաև ընտրական գործընթացում արձանագրված անճշտությունների ներառմամբ, ապա կարող են առաջանալ հարցեր՝ արդյոք այդ մեթոդը առավել ճշգրիտ կերպով է արտացոլում ընտրողների իրական նախապատվությունները։

Անճշտությունները կարող են պայմանավորված լինել ինչպես տեխնիկական կամ կազմակերպչական խնդիրներով, այնպես էլ ընտրական գործընթացի ընթացքում թույլ տրված սխալներով։ Այդ պատճառով նպատակահարմար է քննարկել այնպիսի մոտեցում, որի դեպքում մանդատների բաշխման նպատակով քաղաքական ուժերի հարաբերակցությունը հաշվարկվի բացառապես վավեր քվեների հիման վրա՝ հաշվի առնելով միայն ընտրողների կողմից իրականում արտահայտված ընտրությունը, բայց գնահատելով անճշտությունների ազդեցության չափը մանդատների բաշխման հարաբերակցությունը փոփոխելու հնարավոր ազդեցության վրա։

3. Անվավեր ճանաչված ընտրատեղամասերի ազդեցության գնահատման մեխանիզմները

Օրենսդրությամբ անհրաժեշտ է առավել հստակ սահմանել այն մեխանիզմները, որոնց միջոցով գնահատվում է անվավեր ճանաչված ընտրատեղամասերի արդյունքների հնարավոր ազդեցությունը ընտրությունների վերջնական արդյունքների և մանդատների բաշխման վրա։

Այն իրավիճակներում, երբ նման գնահատումը հիմնականում վերապահվում է Կենտրոնական ընտրական հանձնաժողովին կամ Սահմանադրական դատարանին՝ առանց նախապես սահմանված հստակ մաթեմատիկական և իրավական չափորոշիչների, կարող են առաջանալ լրացուցիչ վեճեր և կասկածներ ընտրությունների արդյունքների արդարացի գնահատման վերաբերյալ։

Հետևաբար, նպատակահարմար է մշակել կանխատեսելի, թափանցիկ և ստուգելի ընթացակարգեր, որոնք ցանկացած նման իրավիճակում հնարավորություն կտան օբյեկտիվորեն գնահատել անվավեր ճանաչված ընտրատեղամասերի ազդեցության չափը և ապահովել ընտրական գործընթացի նկատմամբ հանրային վստահությունը։

4. Ընտրությունների արդարության, թափանցիկության և վարչական ռեսուրսների օգտագործման խնդիրները

Ընտրությունների արդարությունն ու թափանցիկությունը չեն կարող լիարժեք ապահովված համարվել, եթե առկա են ընտրակաշառքի, վարչական ռեսուրսների չարաշահման կամ ընտրողների կամարտահայտության վրա ոչ իրավաչափ ազդեցության դեպքեր։

Վարչական և այլ ռեսուրսների չարաշահման վտանգ կարող է առաջանալ ինչպես պետական իշխանության ներկայացուցիչների կողմից, այնպես էլ ընտրական գործընթացներում ներգրավված խոշոր ֆինանսական հնարավորություններ ունեցող կազմակերպությունների, ձեռնարկությունների կամ տնտեսական ազդեցություն ունեցող անձանց կողմից։

Այս համատեքստում կարևոր է մշակել այնպիսի արդյունավետ մեխանիզմներ, որոնք ոչ միայն կսահմանեն նման գործողությունների արգելքը, այլև կապահովեն դրանց կանխարգելումը, բացահայտումը և համաչափ պատասխանատվության կիրառումը։

Խնդիրն այն է, որ եթե օրենսդրությամբ որոշ գործողություններ ճանաչվում են որպես իրավախախտումներ, սակայն դրանց իրականացման համար պատասխանատվության մեխանիզմները գործնականում բավարար արդյունավետ չեն գործում, ապա կարող է ձևավորվել իրավիճակ, երբ իրավախախտումների միջոցով ստացված առավելությունը շարունակվի պահպանվել։

Հատկապես համամասնական ընտրակարգի պայմաններում, երբ ընտրողները քվեարկում են հիմնականում քաղաքական ուժերի օգտին, այլ ոչ թե առանձին թեկնածուների, հնարավոր է, որ պատասխանատվության ենթարկվեն միայն առանձին անձինք, մինչդեռ քաղաքական ուժը, որի շրջանակում տեղի է ունեցել խախտումը, շարունակի օգտվել դրա արդյունքում ձևավորված առավելությունից։

Ուստի անհրաժեշտ է քննարկել այնպիսի իրավական լուծումներ, որոնք կապահովեն ոչ միայն անհատական պատասխանատվություն, այլև ընտրական գործընթացի ընդհանուր արդարության և հավասար մրցակցության սկզբունքների արդյունավետ պաշտպանություն։

5. Դատաիրավական համակարգի և պետական ինստիտուտների արդյունավետության խնդիրները

Դատաիրավական համակարգի ինստիտուցիոնալ կայացվածությունը, դատավորների և իրավապահ մարմինների անկախությունը, կոռուպցիոն ազդեցությունների սահմանափակման արդյունավետ մեխանիզմները և պաշտոնեական պատասխանատվության իրական կիրառումը կարևոր նախապայմաններ են ժողովրդավարության ամրապնդման և ընտրական գործընթացների նկատմամբ վստահության ձևավորման համար։

Եթե պետական համակարգում առկա են վերադասին ոչ իրավաչափ ենթարկվելու, պատասխանատվությունից խուսափելու կամ հանրային շահին հակասող որոշումների ընդունման հնարավորություններ, ապա դա բացասաբար է անդրադառնում ոչ միայն արդարադատության արդյունավետության, այլև ամբողջ պետական կառավարման համակարգի նկատմամբ վստահության վրա։

Հատկանշական է, որ նույնիսկ այն դեպքերում, երբ բարձրագույն պետական պաշտոնյաները խոսում են դատաիրավական համակարգում առկա լուրջ խնդիրների մասին, անհրաժեշտ է գնահատել նաև այդ խնդիրների լուծման ուղղությամբ իրականացված քայլերի արդյունավետությունը։ Պետական կառավարման համակարգի կայուն զարգացման համար կարևոր է, որ բարեփոխումները լինեն ոչ միայն հայտարարությունների մակարդակում, այլև ապահովեն գործնական և երկարաժամկետ արդյունքներ։

6. Քաղաքացիական գիտակցության, սոցիալ-տնտեսական պայմանների և կրթության ազդեցությունը ընտրական գործընթացների վրա

Հանրության սոցիալ-տնտեսական խնդիրները, ընտրողների մի մասի իրավական և քաղաքական գիտակցության ոչ բավարար մակարդակը, ինչպես նաև տեղեկատվական և մանիպուլյատիվ ազդեցությունների նկատմամբ խոցելիությունը կարող են որոշակի ազդեցություն ունենալ ընտրությունների արդարության և ընտրողների ազատ կամարտահայտության վրա։

Նման պայմաններում ընտրողի որոշումը կարող է ձևավորվել ոչ միայն քաղաքական համոզմունքների հիման վրա, այլև բնականաբար տնտեսական կախվածության, ապատեղեկատվության, արտաքին ազդեցությունների կամ այլ հանգամանքների ազդեցությամբ։ Սա կարող է նվազեցնել ընտրական գործընթացի լիարժեք մրցակցային և ժողովրդավարական բնույթը։

Հետևաբար, անհրաժեշտ է մեծ ուշադրություն դարձնել քաղաքացիական և քաղաքական կրթության զարգացմանը։ Կրթական համակարգում կարևոր է ներառել ընտրական գործընթացների, մարդու իրավունքների, սահմանադրական արժեքների, ընտրական իրավունքի և քաղաքացիական պատասխանատվության, բարեվարքության, բարեկրթության վերաբերյալ գիտելիքների ձևավորում։

Քաղաքացիական կրթության զարգացումը կարող է նպաստել ընտրողների իրավագիտակցության բարձրացմանը, ավելի գիտակցված ընտրության մշակույթի ձևավորմանը և ընտրական գործընթացների նկատմամբ հանրային վստահության ամրապնդմանը։

Հուսով եմ, որ աշխարհաքաղաքական զարգացումները և Հայաստանի Հանրապետության ներքին գործընթացները կընթանան այնպիսի ուղղությամբ, որը կնպաստեն երկրի՝ որպես անվտանգ, անկախ, ինքնիշխան և խաղաղ պետության կայացմանն ու ամրապնդմանը։ Միաժամանակ կարևոր է, որ հնարավոր լինի հաղթահարել պետության քաղաքակրթական զարգացման հետ կապված առկա խնդիրները՝ ի նպաստ Հայաստանում ապրող քաղաքացիների բարեկեցության, ազատության և արժանապատիվ կյանքի ապահովման։

Ժամանակակից պետության կայացման համար անհրաժեշտ է, որ պետական կառավարման համակարգը հասնի ինստիտուցիոնալ և համակարգային զարգացման ավելի բարձր մակարդակի, որի պայմաններում քաղաքացիները հնարավորություն կունենան ազատորեն ձևավորել սեփական կարծիքը, ինքնուրույն որոշումներ կայացնել և սեփական կենսական խնդիրները հնարավորինս անկախ լուծել։

Քաղաքակրթական առաջընթաց կարելի է ակնկալել այն դեպքում, երբ իշխանությունը տնօրինողների գործունեության արդյունավետությունը և պատասխանատվությունը պայմանավորված լինեն գիտակից, իրավագիտակից և ակտիվ քաղաքացիական հասարակության պահանջներով։ Պետական կառավարման համակարգը պետք է զարգանա այնպես, որ բյուրոկրատական խոչընդոտները, կոռուպցիոն ռիսկերը և խարդախությունների հնարավորությունները հասցվեն նվազագույնի, իսկ քաղաքական դաշտում գերակշռեն գիտելիքի, մասնագիտական կարողությունների, պատասխանատվության և փոխադարձ հարգանքի վրա հիմնված հարաբերությունները։

Կարևոր է նաև շարունակել քննարկումները ժամանակակից տեխնոլոգիաների կիրառման միջոցով ընտրողների իրական նախապատվությունների առավել ամբողջական բացահայտման և ընտրական գործընթացների կատարելագործման ուղղությամբ։ Նպատակը պետք է լինի այնպիսի համակարգի ձևավորումը, որը ոչ միայն կապահովի իշխանության ձևավորման իրավական հիմքերը, այլև կբարձրացնի հանրային վստահությունը՝ նվազեցնելով ընտրությունների արդյունքների վերաբերյալ հնարավոր կասկածները։

Միաժամանակ անհրաժեշտ է քննարկել այնպիսի ընտրական համակարգերի ներդրման հնարավորությունը, որոնց պայմաններում պատգամավորների մանդատների ստացումը առավել մեծ չափով պայմանավորված կլինի թեկնածուների նկատմամբ ընտրողների անհատական վստահությամբ և ստացած ձայների քանակով, իսկ քաղաքական ուժերի ներկայացվածությունը Ազգային ժողովում հնարավորինս կհամապատասխանի նրանց իրական քաղաքական կշռին։

Նման համակարգը կարող է նպաստել առավել որակյալ և լեգիտիմ ներկայացուցչական իշխանության ձևավորմանը՝ ապահովելով ինչպես մեծամասնության, այնպես էլ փոքրամասնության քաղաքական ուժերի ավելի հավասարակշռված ներկայացվածություն։ Դա կարող է նաև նպաստել կառավարության, դատական իշխանության և տեղական ինքնակառավարման մարմինների նկատմամբ հանրային վստահության ամրապնդմանը։

Հաշվի առնելով տեխնոլոգիական զարգացման հնարավորությունները՝ նպատակահարմար է ուսումնասիրել նաև էլեկտրոնային և թղթային քվեարկության համակցված՝ հիբրիդային համակարգերի ներդրման հնարավորությունը։ Նման մոտեցումը կարող է միավորել թվային տեխնոլոգիաների առավելությունները՝ քվեների արագ և ճշգրիտ հաշվարկ, տվյալների մշակման արդյունավետություն, և միաժամանակ պահպանել թղթային քվեաթերթիկների միջոցով արդյունքների անկախ ստուգման ու վերահաշվարկի հնարավորությունը։

Ընտրական համակարգի հետագա զարգացումը պետք է միտված լինի ոչ միայն դրա տեխնիկական կատարելագործմանը, այլև այնպիսի քաղաքական և իրավական միջավայրի ձևավորմանը, որտեղ յուրաքանչյուր քաղաքացի վստահ կլինի, որ իր ձայնը հավասարապես արժեքավոր է։ Միաժամանակ, պետական իշխանության ձևավորման գործընթացը պետք է հնարավորինս լիարժեք արտացոլի հասարակության իրական կամարտահայտությունը՝ ապահովելով ներկայացուցչականության, արդարության և ժողովրդավարական լեգիտիմության բարձր մակարդակ, ինչպես նաև նպաստի բարձր ինտելեկտուալ ներուժ և մասնագիտական որակներ ունեցող պետական կառավարման համակարգի ձևավորմանը, որը թույլ  չի տա որևէ մեկին իշխանությունը տնօրինել չափազանց երկար ժամանակ և լճացման պարագայում, թեկուզ անկախ իրենից, երկիրն հասցնել աղետալի վիճակի։